National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.09.2022
Անհատական բնակելի տուն կառուցելուց հետո այն 2 տարվա ընթացքում վաճառել ցանկացողները կազատվեն 20 տոկոս եկամտային հարկից
1 / 3

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք անհատական բնակելի տուն կառուցելուց հետո երկու տարվա ընթացքում կցանկանան այն վաճառել, պետք է վճարեն 20 տոկոս եկամտային հարկ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Ալխաս Ղազարյանն առաջարկում են հանել օրենքում գործող այդ դրույթը՝ փոփոխություն կատարելով Հարկային օրենսգրքում:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 12-ի ԱԺ նիստում:

Գեւորգ Պապոյանի խոսքով՝ հանրապետության բոլոր բնակավայրերում՝ գյուղերում, քաղաքներում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում կան հազարավոր անհատական բնակելի տներ, որոնք մարդիկ կառուցել եւ ապրում են, սակայն չկա ավարտական ակտ, եւ եթե քաղաքացին այսօր որոշի ունենալ այդ ակտը եւ վաճառել տունը, որտեղ ապրում է 20-30 տարի, ստիպված է լինելու վճարել 20 տոկոս եկամտահարկ: «Գյուղերում հազարավոր կիսակառույց տներ կան. մարդը երկհարկանի տուն է կառուցել, առաջին հարկում ապրում է, երկրորդը չի կարողացել կառուցել, եթե այսօր փորձի վաճառել, ստացվելու է՝ կրկին 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարի»,- նշել է պատգամավորը եւ հավելել, որ նախաձեռնությամբ բոլոր այդ դեպքերում՝ կառուցած տունը ցանկանում է վաճառել, տունը գտնվում է կիսակառույց վիճակում կամ չունի ավարտական ակտ, անձը կազատվի 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորությունից:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ դեպքերի վերաբերյալ Ֆինանսների նախարարությունը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ստացել են բազմաթիվ նամակներ, որոնք էլ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ են հանդիսացել:

Ըստ համահեղինակի՝ նախկինում դրույթը ներառվել է՝ բացառելու բիզնեսով զբաղվող անձի կողմից եկամտային հարկ վճարելուց խուսափելու դեպքերը: Սակայն, ըստ Գեւորգ Պապոյանի, ՊԵԿ-ի գործընկերները վստահեցրել են, որ ունեն նման վարչարարություն իրականացնելու համապատասխան գործիքակազմ՝ բացառելու նման իրավիճակները: Պատգամավորը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել հազարավոր ՀՀ քաղաքացիներին վերաբերող նախագծին:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա նշել է, որ գործադիրը քննարկել է նախաձեռնությունը եւ, ընդհանուր առմամբ, համաձայն է առաջարկության հետ: Գործադիրը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

Գործադիրի առաջարկի համաձայն՝ նվիրատվությամբ ստացված անհատական բնակելի տունը նվիրառուի պարագայում էլ հարկման ենթական չի լինի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am